Դիսքլեյմեր
Պատմվածքը նպատակ չունի ցույց տալու, որ ինքնասպանությունը բոլոր խնդիրների լուծում է, այլ պարզապես ներկայացնում է մի դեռահասի կյանք, ում անընդհատ այցելում է մահվան մասին միտքը:
Ստեղծագործության մեջ կան բռնության ու էրոտիկ բնույթի տեսարաններ: Եթե չեք սիրում նման գրականություն, ավելի լավ է`չսկսեք ընթերցել ու խնայեք Ձեր անձնական ժամանակը:
Բոլոր հերոսներն ու իրադարձությունները, որոնք տեղ են գտել գրվածքում, հեղինակի վառ երևակայության արդյունքն են, ու ցանկացած համընկնում իրականության հետ պատահական է:
Պարոնը խոհանոցում նախաճաշ է պատրաստում`ականջը հեռուստացույցի ձայնին:
–…Իսկ ողբերգական նորությունների մասին կհաղորդի մեր թղթակիցը, ով հիմա դեպքի վայրում է:
–Բարի առավոտ: Այսօր ժամը 08:37-ի սահմաններում` Փարիզ-Նյու Հեյվեն չվերթի մեկնարկից քառասուն րոպե անց, օդաչուների խցիկում ու ինքնաթիռի իրանային հատվածում, որտեղ գտնվում էին ուղևորներն ու ողջ անձնակազմը, պայթյունի ձայն տարածվեց, ասես ծանր մետաղի կտոր պոկվեց ու ներքև ընկավ: Ինքնաթիռը, որն այդ պահին գտնվում էր տասներկու հազար մետր բարձրության վրա, թեքվեց դեպի ձախ: Հարաբերական խուճապի պայմաններում կատարվող ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ շարժիչներից մեկը չի գործում: Հետո հայտնաբերվեց, որ հիդրավլիկ համակագը նույնպես շարքից դուրս է եկել: Ինքնաթիռն ալիքաձև հետագծով ու սովորականից հինգ անգամ մեծ արագությամբ ներքև սլացավ: Օդաչուներին հաջողվեց երկու գործող շարժիչների շնորհիվ մի կերպ կառավարել այն, մինչև մոտակա օդանավակայանին հասնելը, սակայն Երկրի մակերևույթին մոտենալիս ինքնաթիռը շարունակում էր մնալ թեքված վիճակում, ինչը վթարային ելքի պատճառ հանդիսացավ: Ձախ թևն ու օդաչուների խցիկն առանձնացան իրանից և շարժվեցին տարբեր ուղղություններով: 287 ուևորներից 123-ը զոհվել են: Ողջ մնացածները սարսափով են հիշում իրենց գլխավերևով անցնող կրակի հոսանքը: Ներկայումս տարվում են հետազոտական աշխատանքներ դեպքի մանրամասները պարզելու նպատակով…
Պարոնի ծնկները թուլացան: Նա հենվեց սառնարանի դռանն ու դանդաղ սահեց ներքև: Առավ գլուխը ափերի մեջ ու սկսեց նյարդային ծիծաղել, ասես կատարվածը ոչ թե իրեն էր վերաբերում, այլ ուրիշ մարդու: Զգաց, որ կխելագարվի, եթե գիտակցությունը ևս մի րոպե արթուն մնա: Նկատելով սեղանին դրված ջրի շիշը` ձգվեց ու վերցնելով`ամբողջ պարունակությունը շուռ տվեց կրծքին`հույս ունենալով, որ կհովանա սիրտը: Նրա երևակայությունը վառ գույներով պատկերում էր այն պահը, երբ ինքնաթիռը երեք մասի բաժանվեց: Նա տեսավ, թե ինչպես կրակի կատաղի ալիքը ներս խուժեց ու անցավ Լիլիի վրայով, ով խոնարհվել էր` գլուխն ու մատները սեղմելով դիմացի նստարանին: Պարոնը սարսափեց ու նետի պես վեր թռավ տեղից: Սառնարանից լիքը սառույց հանեց, լցրեց տոպրակի մեջ ու դրեց ճակատին:
Մի զգացմունք կա, որ մինչ օրս անուն չունի`ցավի ու հաճույքի խառնուրդն է դա: Պարոնին հաճույք էր պատճառում հույսը, որ Լիլին կարող է փրկվածների թվում լինել, սիրտը ուժգին բաբախում էր մտքից, որ շուտով կգրկի նրան ու էլ երբեք բաց չի թողնի, բայց հաջորդ պահին աչքերի առաջ հայտնվում էր կրակը, որ հարյուրից ավելի կյանք տարավ իր հետ, ու սիրտը կծկվում էր անտանելի ցավից: Անորոշության մեջ լինելն ուրախալի է նրանով, որ թույլ է տալիս հուսալ ու երազել, բայց նաև տանջալի է, որովհետև չգիտես դեռ, արդյոք իրականությունը սպասելիքներդ կարդարացնի:
Նա մի կողմ դրեց սառույցով լի տոպրակը, հանգստացնող հաբ խմեց ու գրեթե վազելով հյուրասենյակ հասավ: Հեռուստացույցով արդեն ինչ-որ սիրային կոմեդիա էին ցույց տալիս:
Նա նյարդային շարժումով արագ-արագ փոխում է ալիքները: Վերջապես կանգ առավ մեկի վրա:
–…Նրանք, ում հաջողվել է կենդանի մնալ, երեք ժամվա ընթացքում ուրիշ ինքնաթիռով ետ կուղարկվեն Փարիզ: Զոհվածների հարազատներին ցավակցություն ենք հայտնում:
Պարոնը անջատեց հեռուստացույցն ու վերարկուն վերցնելով շտապեց օդանավակայան, որ այնտեղ սպասի Լիլիին, անգամ եթե նրան էլ երբեք վիճակված չէ վերադառնալ…
2004 թվական, մարտի 12
Թանկագին օրագիր, ես Լիլին եմ ու այսօր դարձա հինգ տարեկան: Եթե դեռ չես կռահել, դու ծնունդիս նվերն ես: Պապիկս քեզ տարիներով պահել է իր գրադարանում, իսկ հիմա իմ ձեռքերում ես: Մենք երկուսս էլ գեղեցիկ ենք, ու վստահ եմ, որ կընկերանանք: Իդեպ, ես միայն պապիկիս կարդացած գրքերից գիտեմ, թե ինչ է ընկերը: Շրջապատում իմ տարիքի երեխաներ չկան, կամ էլ կան, պարզապես դեռ չեմ հասցրել նրանց հանդիպել: Ես ապրում եմ Ֆրանսիայի սահմանամերձ գյուղերից մեկում`ծնողներիս, քույրիկիս, եղբորս, տատիկիս ու պապիկիս հետ: Բնության գրկում լինելը շատ լավ բան է: Փարիզում բնակարան ունենք, բայց պետությունը պատերազմից հետո մեր ընտանիքին հող է նվիրել, ու հայրիկս մեզ այստեղ է բերել, որ այն վերաբնակեցնենք: Մեր տարածքը ցանկապատով առանձնացված է գյուղի մյուս տներից, ներսում հիսունից ավելի թթի ծառեր կան, ճոճանակ, երեք ավերակ, որոնք հայրիկս փորձում է վերանորոգել: Մենք բնակվում ենք շատ մեծ վրանում, որի միջով անձրևների ժամանակ ցեխաջրի գետեր են հոսում: Ձմռանը շատ ցուրտ է լինում, չնայած վառարան ենք դնում, բայց ամռանն այստեղ իսկական դրախտ է:
–Լիլի, տորթդ կլղոզես թղթին:
–Կներես, մամ:
Ես շատ գեղեցիկ մայրիկ ունեմ: Նա ինձ վրա համարյա ուշադրություն չի դարձնում`չհաշված այն դեպքերը, երբ առիթ եմ ստեղծում, որ նկատողություն անի: Ես շատ եմ սիրում ծնողներիս, բայց նրանք ժամանակ չունեն ինձ համար.միշտ զբաղված են, ու երբ ուզում եմ զրուցել հետները, նույնիսկ վրաս չեն նայում: Հայրիկիս ավելի շատ եմ սիրում, որովհետև խիստ չի իմ հանդեպ, երբեք չի ծեծում ու պաշտպանում է: Մայրիկիս համար ես դատարկ տարածք եմ: Նա իր կամքով երբեք չի գրկում ու համբուրում ինձ, իսկ ես ամաչում եմ առաջինը մոտենալ: